Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հերքել է Լաչինի միջանցքով հանրապետության բնակիչների անարգել անցման մասին Բաքվի տեղեկությունը:
«Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետեվ ՀՀ քաղաքացիների կողմից 14.08.2023Թ. անարգել տեղաշարժի մասին Ադրբեջանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»,- ասված է պետնախարարի տարածած ֆեյսբուքյան հաղորագրության մեջ՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից օգոստոսի 14 – ին հրապարակած կեղծ տեղեկությունների, թե իբր ՀՀ քաղաքացիները անարգել անցնում են Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները:
Ներսիսյանը տեսանյութն անվանել է «հերթական բեմականաում», որն Ադրբեջանը փորձել է օգտագործել՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ։
Պետնախարարի խոսքերով՝ Իրականում «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից և նրանց տրանսպորտային միջոցներով:
«Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ և ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն», – ասված է Ներսիսյանի հայտարարության մեջ։
Նա հիշեցրել է, որ երբ Լաչինի միջանցքով վերականգնվել է ԿԽՄԿ միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը, ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառևանգվի։