Ադրբեջանը միայն մեկ նպատակ ունի՝ Արցախում իրականացնել էթնիկ զտում և դրանով Արցախը հայաթափել և տիրանալ մնացած մասին, այսօր ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առաջ՝ արդարության ու արդարադատության պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանը:
Նա նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ տարբեր նախաձեռնություններ են իրականացնում և, ցավոք, արդյունք չկա:
«Այսօր ևս մեկ անգամ հավաքվել ենք այստեղ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել ՄԱԿ անվտանգության խորհրդում քննարկվելիք Արցախի հրատապ հարցի վրա: Սա արդեն երկրորդ փորձն է Լաչինի միջքանցքի ապաշրջաակման հարցով: Ցավոք, առաջինի հետ կապված ընդամենը եղան քննարկումներ, սակայն կոնկրետ պահանջներ, պատժամիջոցներ չեղան, դրա համար մեր ամենամեծ ակնկալիքն այն է, որ հստակ պահանջներ, հայտարարություններ լինեն և պատժամիջոցներ կկիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Եթե առաջին քննարկման ժամանակ Արցախում վիճակն այդքան աղետալի չէր, այսօր արդեն եղել է սովամահության դեպք, չծնված երեխայի մահվան դեպք»,- ասաց նա և նշեց, որ այս դեպքերը դառնալու են պարբերական, եթե որևէ միջոց չկիրառվի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ:
Անդրադառնալով Ակնա (Աղդամ) – Ստեփանակերտ ճանապարհի այլընտրանքին, Լիանա Պետրոսյանն ասաց, որ այս ուղին չի էլ քննարկվում, քանի որ խոսում է ինտեգրման մասին։
«Խոսք կա, որ երբ սովը թակում է մարդու դուռը, նա անգամ թշնամու դուռը կգնա, բայց ես վստահ եմ, որ նման իրավիճակ չենք ունենա քանի որ Ակնայի՝ որպես այլընտրանքային ճանապարհ, քննարկում անգամ հնարավոր չէ, քանի որ դա կլինի ինտեգրացիայի ճանապարհ»,- ասաց նա և նշեց, որ ցեղասպան երկրին պետք չէ նման հնարավորություն տալ:
Նա կոչ արեց Հայաստանի իշխանություններին հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց։
«Մենք Հայաստանի կառավարությանը, իշխանությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում, որ հետ կանգնեն այդ կործանանար հայտարարությունից՝ Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու դրույթներից և տեր կանգնեն Արցախի ինքնորոշման իրավունքին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ հրատապ նիստը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր տեղեկացրել էր, որ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։