Վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր Արցախի Մարտունու շրջանում հրադադարի խախտման մասին։