Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ՄԱԿ-ի ԱԽ այսօրվա նիստի Արցախի սպասելիների մասին։
«Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան: Մեր ժողովրդի կենսագործունեության համար բավարար ու բարենպաստ միջավայր և միջազգային երաշխիքներ ապահովելուց հետո մենք պատրաստ ենք ներգրավվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման միջազգային գործընթացում»,- Արցախի կառավարության փոխանցմամբ՝ ասել է Հարությունյանը:
Արցախի նախագահի խոսքով ԱՀ ժողովուրդը հույսով սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստին, դրան հաջորդող գործընթացներին և, վերջիվերջո, դրանց շոշափելի արդյունքներին:
«Այս նիստը լակմուսի թուղթ է ոչ միայն Արցախի շուրջ միջազգային հանրության և դրա կոնկրետ դերակատարների իրական դիրքորոշումների ու վարքի համար, այլև՝ ցեղասպանությունների կանխարգելման, մարդու և ժողովուրդների իրավունքների ու ազատությունների երաշխավորման գործում միջազգային հանրության ստանձնած իրավական ու բարոյական պարտավորությունների համար»,- ասել է նա:
Օգոստոսի 11-ին Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ հրատապ նիստ հրավիրելու խնդրանքով։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Միրզոյանը օգոստոսի 16-ին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։