ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախի ճգնաժամին։
Անդրադառնալով Արցախի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին ու հարցին, թե Ադրբեջանի կողմից շրջափակումը դադարեցնելու համար ԱՄՆ-ի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու, նա պատասխանել է․ «Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք առևտրային, հումանիտար և մասնավոր փոխադրումների համար Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ։ Եվ ես պարզապես ընդհանուր գծերով կասեմ, որ մենք նախկինի պես հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ և բարգավաճ ապագայի առաջմղմանը։ Մենք կշարունակենք ակտիվորեն մասնակցել մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,-նշել է Պատելը։
Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի խնդրանքով գումարված իր նիստում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։