Արցախում դադարեցրել են աշխատանքը կաթնամթերքի արտադրամասերը, հայտնում է հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի կենտրոնը։
«Արցախում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհարժեշտ քանակությամբ կերակուտակում, ինչը հանգեցրել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվության նվազման 40-50 տոկոսով»,- ասված է հայտարարությունում:
Ձեռնարկությունների արտադրության ծավալները սկզբում նվազել են 6-8 անգամ, իսկ հետո ամբողջությամբ զրոյացվել՝ կաթի փոշու և վերամշակման համար անհրաժեշտ այլ տեխնիկական նյութերի ներկրման անհնարինության պատճառով։
Ավելի վաղ Արցախի իշխանությունները զգուշացրել էին գործարանում տեղի ունեցած վթարի պատճառով հացի սղության, ինչպես նաև ջրի պակասի մասին։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։