Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները և ավելի վաղ հրապարակված փաստաթուղթը, որն իբր պարունակում է Ռուսաստանի առաջարկները՝ ապահովելու արցախահայերի իրավունքները Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում։
Նախարարը ողջունել է այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և շնորհակալություն հայտնել այն երկրների ներկայացուցիչներին, ովքեր հստակ գնահատական են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը։
Նրա խոսքով, միևնույն ժամանակ, մտահոգություն են առաջացնում Լաչինի միջանցքի և այլ հաղորդակցությունների միջև հավասարության նշան դնելու մի շարք երկրների փորձերը։ Ղազարյանն ընդգծել է, որ դա անընդունելի է և չի համապատասխանում Լաչինի միջանցքի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում սահմանված պարամետրերին։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է և այս գործընթացը շարունակվելու է»,- ասել է նա։
Նախարարը մեկնաբանել է նաև Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանի կողմից ավելի վաղ հրապարակված «Ադրբեջանի ԽՍՀ նախկին ԼՂԻՄ-ի հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու իրավունքները՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան» վերտառությամբ փաստաթուղթը։ Պետրոսյանի խոսքով, այդ փաստաթուղթն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։
Սերգեյ Ղազարյանը հավաստիացրել է, որ Արցախի արտգործնախարարությունը պաշտոնական խողովակներով նման փաստաթուղթ չի ստացել։ «Հուլիսի 27-ին արտգործնախարորության հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նման տեսլականի, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, մեր իրավունքների ապահովումը։ Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է։ Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք «գետնի վրա»», – ասաց նախարարը։
Ղազարյանի խոսքով, եթե որևէ մեկը միջնորդներից նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության արդյունքերը, նրանցից ոչ մեկը հիմքեր չունի նման տեսլականների կամ առաջարկների կյանքի կոչումը հնարավոր համարելու։