Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից մահացած Հելեն Դադայանի մարմինն Արցախ հասցնելու պահանջով ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ իրականացվող ակցիան դադարեցվել է մինչև երկուշաբթի։
«Այսքանով եզրափակում ենք մեր ակցիան մինչև երկուշաբթի։ Դրական պատասխանի դեպքում շնորհակալ կլինենք Կարմիր խաչին, իսկ եթե խաբեն, նորից կշարունակենք պահանջը, քանի որ տեղի ունեցողը մեզ համար անընդունելի է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ավելի վաղ՝ ակցիայի մեկ այլ մասնակից նշել էր, որ ԿԽՄԿ-ն հրաժարվում է հայտարարել, որ Բաքուն է խոչընդոտում Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ:
Ցուցարարները Կարմիր խաչին հորդորել են կատարել իր մարդասիրական առաքելությունը՝ պահանջելով հանրային իրազեկում բոլոր միջազգային կառույցների ներգրավմամբ։
Արցախցի երիտասարդները 5 ժամ շարունակ փակ են պահել ԿԽՄԿ երևանյան գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը՝ թույլ չտալով աշխատակիցներին լքել տարածքը։
Օգոստոսի 14-ին ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավոր հոսպիտալացվել էր։ Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն գործ էր հարուցել։ Օգոստոսի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել վթարի մասնակից՝ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։