Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում որոշում կայացնողներին փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել մարդասիրական առաքումների վերսկսումն Արցախում, ասվում է կազմակերպության կայքում։
ԿԽՄԿ-ն նշել է, որ այն մնում է միակ մարդասիրական կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում: Արցախում դեղորայքի վերջին առաքումը եղել է հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին առաքումը՝ հունիսի 14-ին, հիշեցրել են Կարմիր խաչից։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։