Ադրբեջանի ԶՈւ–ն տևական օրեր է՝ կրակի տակ է պահում Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքի ցորենի միակ դաշտը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար գորգեն Ներսիսյանը։
«Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան»,- գրել է պետնախարարը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում:
«Թեև ամեն անգամ Արցախում ռուս խաղաղապահները հունձի օրն ու ժամը համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ և դրանք կազմակերպվում են տեղում խաղաղապահների ներկայությամբ, այդուհանդերձ աշխատանքները սկսվելուն պես հրաձգային տարբեր զինատեսակներից սկսվում է անդադար կրակը, ինչից հետո դրանք անմիջապես դադարեցվում են, իսկ քաղաքացիական անձինք խաղաղապահների օգնությամբ տեղափոխվում են անվտանգ վայր»,- հայտնել է Ներսիսյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ Սարուշենի համայնքի բնակիչները այսօր ևս զրկվել են իրենց հացի միակ աղբյուրը՝ ցորենը հավաքելու հնարավորությունից:
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...