Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ոչ հստակ և հետևողական ռազմավարական դիրքորոշումը բերում է շատ լուրջ խնդիրների, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Ռուբեն Վարդանյանը:
«Աանընդհատ մարդկանց սարսափի մեջ գցելով՝ հրաժարական տալիս եմ, չեմ տալիս, չգիտեմ ուր եմ գնում, չգիտենք ինչ ենք անելու, վիճակը շատ վատ է․․․այդ անհասկանալի տրամադրության փոփոխությունները և ոչ հստակ և հետևողական ռազմավարական դիրքորոշումը բերում է շատ լուրջ խնդիրների։ Մարդիկ հուսահատվում են և չեն հասկանում, թե ինչ է կատարվում», – ասաց նա:
Վարդանյանը պարզաբանեց, որ խոսքը հրաժարականի մասին չէ և նա կողմ չի եղել Արցախի նախագահի ՝ հրաժարական տալու որոշմանը:
«Հրաժարականի մասին չէ խոսքը, մենք կողմ չենք եղել, որ նա հրաժարական տա, դա իր ցանկությունն է եղել, իր վերլուծունությունն է եղել, որ ինքը սպառվել է ու չի կարող կարողանում լուծել հարցերը։ Մենք երեք հարց ունենք՝ միջազգային հարթակներում տարբեր ձևերով լուծումներ գտնել, բանակցություն Ադրբեջանի հետ, ներսում էլ համախմբել մարդկանց, որ իրար հետ միասին փորձեն այս իրավիճակից դուրս գալ։ Երեք ուղղությամբ էլ նա ինքն իր վերլուծությումբ ասել է, որ ինչ-որ կարողացել է արել է, արել է իր առավելագույնը։ Դրա համար հարցը հրաժարականի մեջ չի, այլ վստահության մեջ է, հասկանալ, որ հարաբերությունները մարդկանց հետ կարևոր են, որ մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում խոսքերին և էմոցիաներին, քան ինքը», – ասաց Վարդանյանը:
Վարդանյանն ընդգծել է, որ այս իրավիճակում անհնարին է մենակ մի հոգով բոլոր որոշումները կայացնել այս հարցերի շուրջ և Արցախի նախագահը պետք է դադարի ասել, որ չգիտի այս կամ այն հարցի լուծումը և ներգրավի բոլոր ուժերը Արցախի առջև կանգնած խնդիրների քննարկման համար:
«Դա լուրջ խնդիր է։ Այսօրվա նախագահը, լինելով տաղանդավոր մարդ, իր ոճն ունի որոշումներ կայացնելու, որը բերել է շատ դժվարությունների և տարբեր ժամանակներում հաջողությունների, բայց այս իրավիճակում բացի կոլեգիալ իրար հետ միասին աշխատանքի շատ դժվար է լինելու բոլոր հարցերի պատասխանը գտնել և իրականացնել, իսկ երկրորդը՝ մարդիկ պետք է իրեն հավատան։ Առանց հավատի մենք ունենալու ենք շատ լուրջ և սուր իրավիճակ։ Երրորդը` մարդը, որ առաջին դեմք է, պետք է մարդկանց հույս և հավատ ոգեշնչի, ոչ թե ասի՝ ես չգիտեմ, թե ինչ ենք անելու, դուք որոշեք։ Շատ անգամ տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ նախագահն այդ ոճն է օգտագործում։ Մենք կանգնած ենք օրվա ու ժամերի լուրջ ճգնաժամի առջև, դանակը հասել է ոսկորին»,-ասաց Վարդանյանը։