Պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Գերատեսչությունը հայտնել էր նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին՝ ժամը 10։15֊ից 10։23֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։