Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փորձում է հեղաշրջում իրականացնել, Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցոության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակը վերջին օրերին։
Նա հիշեցրեց, որ նման սցենար եղել է նաև 2023 թվականի հունվարին, երբ լուրեր տարածվեցին, որ Արցախի նախագահը հրաժարական է տալու և դրան հաջորդեց Երիտասարդական պալատում տեղի ունեցած ինչ-որ «թատերական ներկայացում», որի արդյունքում պաշտոնների տեղափոխություններ եղան։ «Այն բոլոր սթափ քաղաքական ուժերը, որոնք անընդհատ նույն տեսակետն են ունենում, և սովորական մարդիկ հասկացան, որ մենք լուրջ խնդիր ունենք դերակատարների հետ և նրանք պետք է փոխվեն, որպեսզի կարողանանք բեկում մտցնել Արցախի փրկության օրակարգի շուրջ։ Եվ դրա հետ կապված տեղի ունեցավ հունվարի դեպքը, որի միակ տարբերությունն այսօրվանից այն է, որ հիմա ծայրահեղ է սնունդ հայթայթելու հարցը, ցամաք հաց գտնելու խնդիրը և մարդիկ իրականում հյուծված, կեղեքված վիճակում են»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ միակ տարբերությունն այն է, որ այժմ այդ մարդիկ զինված են։ Ըստ պատգամավորի՝ այդ մեթոդն օգնեց այսօրվա նախագահին մինչև օրս պաշտոնավարել։
«Մարդկանց մի ստվար զանգված սկսել է խոսել քաղաքական դերակատարների փոփոխության մասին, և քաղաքական ուժերն են շատացել, որոնք գտնում են, որ անկախ արտաքին քաղաքական դրսևորումերից, դերակատարը պիտի փոխվի Արցախում, որպեսզի կարողանանք ինչ-որ արցախանպաստ գործընթաց դիտարկել»,- ասաց նա։
Հիմա այն դերակատարները, որոնք փորձում են ստեղծել հունվարի իրավիճակը տարբերվում են նրանով, որ զինված են, ասաց Հակոբյանը։ «Սա ահաբեկչություն է սեփական ժողովրդի դեմ․ պաշտպանության նախարարի տեղակալը խոսի հեղաշրջման մասին․․․ սովորաբար հեղաշրջում իրականացնում են այն մարդիկ, ովքեր ուզում են իշխանության գալ, այս դեպքում հակառակն է ստացվում։ Փորձում են հեղաշրջում անել, որպեսզի ամրապնդեն նախագահի աթոռին նստած անձի դիրքն ու տեղը և մնացածին վախի մթնոլորտ ստեղծելով՝ ուղղակի լռեցնեն»,- նկատեց նա։
Պատգամավորը վստահ է, որ կա Հայաստան-Արցախ առաջին դեմքերի շփում և նրանք պայմանավորված ու համաձայնեցված են գործում։ «Նկատած կլինեք, որ մեծ ակտիվություն են դրսևորում նաև Հաաստանից կառավարվող ուժերը, որոնք նաև Արցախի իշխանությունների կողմից են ղեկավարվում։ Դրանք պրոյեկտ են, ստեղծվել են 2018 թվականին, դա իրականում սցենար է, որն իրենք կարողանում են տանել բավականին մեծ մարդկային և դրամական ռեսուրսներով։ Արդյունքում Արցախի նախագահը, որը լավ է գիտակցում, որ դերակատարի փոփոխությամբ է պայմանավորված Արցախի փրկությունը, միևնույն է, չի պատրաստվում գնալ, կարևորում է իր շահը, անձնական անվտանգությունը, քանի որ համարում է, որ իր աթոռին է ինքը անվտանգ ու ապահով և՛ նյութապես, և՛ բոլոր առումներով»,- ասաց պաշտոնյան։
Հակոբյանի կարծիքով՝ լիազորությունները, որոնք սահմանադրությամբ դրված են նախագահի վրա, նա ոտնահարում է, նաև ՊՆ փոխնախարարի գործողությունների արդյունքում սահմանադրական կարգի տապալման գործընթացներ են տեղի ունենում։ Ըստ էության՝ նրանք կատարում են Ադրբեջանի պահանջները՝ հայտարարելով, որ բոլոր պետական ինստիտուտները ազատեն կամ ցրեն։
«Իրանակում սա անում է մեկ մարդ, Արցախի Հանրապետության նախագահը՝ մեկ բաժակ ջրում փոթորիկ անելով, չեմ կարող ասել գիտակցաբար, թե անգիտակից, պայմանավորված, թե ճնշման ազդեցության տակ, սակայն ակնհայտ է, որ դա նա է անում։
Այսօր նրանք անօրեն գործող ստորաբաժանումներ չեն, այլ օրենքով ամրագրված երկրի անվտանգության երաշխավորներ, սակայն քաղաքական քննարկումների ժամանակ, ԱԺ վերջին նիստերի ժամանակ, որոնք այդպես էլ չհեռարձակվեցին, որևէ զինված քայլ չի արվել, որպեսզի կարիք լինի պաշտպանել սեփական ժողովրդին։ Եթե որևէ երկրում ՊՆ փոխնախարարը սպառնում է, իսկ իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկում, ակնհայտ է, որ կազմակերպիչը նստած է ամենաբարձր աթոռին»,- շեշտեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Ակնայով (Աղդամ) ճանապարհ բացելուն, ապա նրա կարծիքով՝ եթե ժողովդի կամ սթափ քաղաքական ուժերի ցանկությունը լիներ Ադդամով ճանապարհը, ապա ի լուր աշխարհի որոշման մասին կասեին 2022 թվականի դեկտեմբերի 25-ին։ «Մենք հայտարարեցինք, որ ընդունում ենք մարտահրավերը, որ պատրաստ ենք պայքարի, դիմակայելու և որոշում ենք կայացրել, որ որևէ զիջման չեն գնում, որովհետև զիջելու որևէ բան էլ չկա, զիջել, նշանակում է զիջել մեր կյանքերը, զիջել մեր մի բուռ հայրենիքը, որի վրա մենք հազիվ ոտք դնեկու տեղ ունենք։ Եվ այդ որոշումը ոչ մի կերպ չի փոխվել ո՛չ ժողովրդի, ո՛չ սթափ քաղաքական ուժերի կողմից, ես չեմ կարող նույնը ասել նախագահի կամ նրան հարող շրջանակի մասին։ Որովհետև անհասկանալի է նրանց պահվածքը, հայտարարություններ են անում՝ պաթոսի և պոպուլիզմի պակաս չկա թղթի վրա գրված, սակայն գործողությունները լրիվ դրա հակառակն են ապացուցում»,- նշեց Հակոբյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ տեղյակ չէ, թե կա արդյոք Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման որոշում, թե ոչ։ «Մեզ հետ որևէ հարց չի քննարկվել ո՛չ գաղտնի, ո՛չ բացահայտ։ Ցավոք սրտի գիտեք մեր նախագահի գործելաոճը, որ ամեն ինչ անում է միանձնյա կամ իրեն հարող շրջանակների հետ քննարկումների արդյունքում՝ անում է թաքուն ցանկացած նման բան, որը կախելու դեպքում հնարավոր է ի շահ Արցախի ինչ-որ բան անել, բայց չկանխվելու դեպքում մենք միշտ հետևանքները որպես աղետ են գրանցում»,- ընդգծեց Հակոբյանը։
Օգոստոսի 21-ին «Արցախի աշխարհազորայինների» հրամանատար Կարեն Մաթևոսյանը կոչ արեց հանրապետության քաղաքական ուժերին համախմբվել՝ ասելով, որ հակառակ դեպքում աշխարհազորայինները կցրեն կառավարությունն ու խորհրդարանը։ Օգոստոսի 18-ին Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց Հարությունյանի հանդիպման մասին աշխարհազորի մարտիկների հետ։ Ըստ մամուլի ծառայության՝ նախագահը նրանց պատմել է հումանիտար աղետի հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին, ինչպես նաև զինյալների հետ քննարկել անվտանգության ապահովման և ցեղասպանությունը կանխելու քայլերը։ Օգոստոսի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը քննադատել է հանրապետության նախագահին՝ մասնավորապես նշելով, որ վերջինս խոստացել է հրաժարական տալ, սակայն չի արել։ Օգոստոսի 21-ին Արցախի խորհրդարանի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցությունը հայտարարեց, որ Վարդանյանի հայտարարությունների թիրախը եղել է Արցախի նախագահը և նախագահի ինստիտուտը՝ ընդգծելով, որ «այս պահին նեղ խմբակային շահերը չեն բխում Արցախի շահերից»։