Ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տանյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տրվել է նաև հայ հասարակության մի մասը, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը»,- նշել է նա։
ՄԻՊ-ի համոզմամբ՝ կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։
«Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին»,- գրել է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։
«Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տանյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տրվել է նաև հայ հասարակության մի մասը»,- նշել է նա։
Ստեփանյանը պահանջել է զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները։
Օգոստոսի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որում, իբրև թե, արցախցի ուսանողուհի Էլեն Առուստամյանը իր գոհունակությունն է հայտնում ադրբեջանցիների՝ Լաչինում իրականացվող աշխատանքից։ Տեսանյութում պարզ երևում է 17-ամյա աղջկա վախեցած և շփոթված լինելը, ում հանկարծակի մոտենում են մի խումբ ադրբեջանցի լրագրողներ և սկսում հարցեր տալ։ Տասնյակ զինված ադրբեջանցիներով և լրագրողներով շրջապատված անչափահասը չի ասում ոչինչ «ամեն ինչ լավ է» և «ամեն ինչ լավ է լինելու» արտահայտություններից բացի։