Արցախի ընդդիմադիր ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն, «Արդարություն» կուսակցությունը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել` դիմելով ուժայիններին և նախկին նախագահներին։
«Թշնամին տենչում է վերացնել մեր պետականությունը, լուծարել մեր պետական ինստիտուտները և կլանել Արցախը։ Պատերազմից հետո անցնող երեք տարիների ընթացքում, և հատկապես, վերջին ամիսներին՝ շրջափակման պայմաններում, մենք ազգովի դրսևորել ենք մեր պետականության շուրջ բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, և ցուցաբերել ենք դժվարությունների հանդեպ աննախադեպ տոկունություն։ Այս ամենը մենք արել ենք հանուն մեր պետականության, հանուն մեր հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր բնատուր իրավունքի»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավիճակի անարյուն, իմաստուն, և օրինական հանգուցալուծման նպատակով կուսակցությունները դիմել են ուժային կառույցներին, ԱԺ քաղաքական մեծամասնությանը և այլ քաղաքական ուժերին, նախկին նախագահին, պետնախարարին, բարձրաստիճան զինվորականությանը, մտավորականությանը, հասարակական գործիչներին և ողջ հանրությանը։
Ուժային կառույցներին․ «Մենք ըմբռնում և ողջունում ենք խնդիրը փափուկ ուժով և խաղաղ հանգուցալուծելու ձեր մոտեցումը։ Միաժամանակ, հիշեցնում և պահանջում ենք՝ հավատարիմ մնալ պետականության և նրա ինստիտուտների պաշտպանության գործին տված ձեր երդմանը, գործել բացառապես Օրենքի ոգուն և տառին համապատասխան»։
ԱԺ քաղաքական մեծամասնությանը և այլ քաղաքական ուժերին․ «Ազգային ժողովը, ինչպես և Նախագահի հաստատությունը, ժողովրդի հավաքական կամքն արտահայտող պետական երկու հիմնասյուներն են, որոնցից յուրաքանչյուրի խարխլումը հղի է պետականության փլուզմամբ։ Դուք՝ որպես ժողովրդի ձայն, չեք կարող լուռ մնալ՝ սպասելով իրավիճակի կամայական հանգուցալուծմանը։ Սահմանադրական կարգի պահպանումը և ձեր ստացած ձայներին տեր կանգնելը առաջնային խնդիրն է։ Դուք պարտավոր եք հրապարակային դիրքորոշում հայտնել և լինել պետականության պահպանման առաջին դիրքերում»։
Նախկին նախագահին, պետնախարարին, բարձրաստիճան զինվորականությանը․ «Արցախի պետականությունն իր բոլոր թերություններով հանդերձ նաև ձեր ջանքերի, նվիրումի և վաստակի արդյունք է։ Դուք պարտավոր եք գործադրել ձեր ողջ ազդեցությունը՝ իմաստնությամբ և խաղաղ հանգուցալուծելու ստեղծված կացությունը։ Դուք բարոյական պարտք և վաստակած իրավունք ունեք լինելու պետականության պահպանման առաջին գծում։ Ձեր լռությունը չի հասկացվելու»։
Մտավորականությանը, հասարակական գործիչներին և ողջ հանրությանը․ «Պետականությունը մեր ծնողների, հարազատների, զավակների, ընկերների արյունով վաստակած գերագույն արժեք է։ Մենք միշտ պատրաստ ենք եղել այն պաշտպանել ցանկացած թշնամուց մեր կյանքի գնով։ Պետականության պաշտպանությունը ներքին հակառակություններից, անտեղի հավակնություններից ու անիմաստ ցնցումներից պակաս կարևոր չէ։ Անտարբերությունը որևէ արդարացում չի կարող ունենալ: Օրհասի պահին լռությունը հանցակցություն է»։
Օգոստոսի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը քննադատել է հանրապետության նախագահին՝ մասնավորապես նշելով, որ վերջինս խոստացել է հրաժարական տալ, սակայն չի արել։ Օգոստոսի 21-ին Արցախի խորհրդարանի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցությունը հայտարարել է, որ Վարդանյանի հայտարարությունների թիրախը եղել է Արցախի նախագահը և նախագահության ինստիտուտը՝ ընդգծելով, որ «այս պահին նեղ խմբակային շահերի առաջմղումն է. չեն բխում Արցախի շահերից»։ Օգոստոսի 21-ին Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանը կոչ է արել հանրապետության քաղաքական ուժերին համախմբվել՝ ասելով, որ հակառակ դեպքում աշխարհազորայինները կցրեն կառավարությունն ու խորհրդարանը։