ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արցախում ներքաղաքական իրավիճակի սրումը, Աղդամով ճանապարհի շահագործումը սկսելու հավանականությունը, ինչպես նաև միջադեպն Արցախի խորհրդարանում։ Նա ընդգծել է, որ այս պահին Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել։
Պատգամավորի խոսքով՝ դա մի կողմից պայմանավորված է Արցախում առկա պարենամթերքի, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, ապրանքների, դեղերի բացակայությամբ պայմանավորված ճգնաժամով, երկրորդ՝ հակաճգնաժամային կառավարման բացակայությամբ։
Աբրահամյանն ընդգծել է, որ խոսքն, ընդհանրապես, 44-օրյա պատերազմից հետո կառավարման մասին է, որը, ըստ նրա, շատ ավելի բարդ իրավիճակի է հանգեցրել։ Միաժամանակ նա նշել է լարվածության թուլացման որոշակի հնարավորություն՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն, առաջին հերթին, պետք է դրսևորեն Արցախի իշխանությունները։
«Արցախում ներքաղաքական ճգնաժամի պատճառ են Հայաստանի իշխանությունների կողմից ուղղորդվող խմբերը կամ դերակատարները։ Նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար առաջնորդվում են Հայաստանի կողմից հռչակված «Արցախը Ադրբեջան է և վերջ» կարգախոսով»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ դա ադրբեջանցիների համար «կանաչ լույս» վառեց շրջափակման խստացման հարցում, ինչպես նաև թույլ տվեց Բաքվին Արցախի հարցով բանակցային գործընթացը տեղավորել իր տարածքային ամբողջականության և սահմանադրության շրջանակներում։
«Քանի Հայաստանում կան իշխանություններ, որոնք գնում են այս ուղղությամբ, այսինքն՝ Արցախը համարում են Ադրբեջան, բնական է, որ սրանից են բխում նաև հիմնական միջազգային դերակատարների մոտեցումներն ու ձևակերպումները ելնում են այդ իրողությունից»,- հավելել է պատգամավորը։
Պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ոչ պակաս ճգնաժամային է. «Մի կողմից պետք է հստակ արձանագրել, որ դրանք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքներն են այս տարիների ընթացքում։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված իրավիճակից և Հայաստանի արտաքին քաղաքական կուրսից, բնականաբար, փորձում է անել հնարավորն Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»։
Նա նաև մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Արցախի իշխանությունները որոշել են օգտվել Աղդամով անցնող ճանապարհից։ Աբրահամյանն ասել է, որ, իր տեղեկություններով՝ երեկ Արցախում մի քանի ձևաչափերով աշխատանքային հանդիպումներ են եղել քաղաքական ուժերի, Արցախի հիմնական դերակատարների հետ, նախագահ Հարությունյանը նաև հանդիպումներ է ունեցել իր համախոհների հետ։
«Քննարկման հիմնական թեման Արցախում ստեղծված ծանր իրավիճակն էր, գործող իշխանությունների, առաջին հերթին՝ Արայիկ Հարությունյանի մոտեցումն այս հարցին»,- ասել է Աբրահամյանը՝ կարծիք է հայտնելով, որ նույնիսկ Աղդամի ճանապարհի ու Լաչինի միջանցքի միաժամանակյա ակտիվացմանը՝ Լաչինի միջանցքով երթևեկությունը ապագա չի ունենա, քանի որ եթե անգամ այս երկու երթուղիները գործարկվեն միաժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ փակելու է երթևեկությունը Լաչինով։
«Այժմ նրա նպատակն Աղդամ-Ստեփանակերտ կանոնավոր շարժի հնարավորություն ստեղծելն է, որը, ըստ նրա տրամաբանության, տանելու է Արցախի ադրբեջանականացմանը։ Ադրբեջանի նպատակը ոչ թե զուգահեռ երթուղիներ ունենալն է, այլ կարճ ժամանակ հետո Ադրբեջանի միջոցով Արցախի հետ խողովակ ունենալն է, ինչը շատ արագ բերելու է Արցախի ադրբեջանականացմանը»,- շեշտել է պատգամավորը։
«Ինչքան ես հասկանում եմ, Արցախի իշխանություններն ունեն քաղաքական որոշում Աղդամով երթուղու շահագործման հետ կապված»,- ասել է Աբրահամյանը՝ նշելով, որ դա ենթադրում է ապագայում ադրբեջանցիների հետ հանդիպում՝ քննարկելով երթուղու շահագործման հետ կապված մանրամասները։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է արցախցիներին բերել իր դաշտ, որտեղ հանդիպումը, քննարկումները, բանակցությունները հավասար չեն լինի, և Ադրբեջանը կփորձի ուղղահայաց շփումներ կազմակերպել, որի նպատակն Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության ապահովումն է»,- շեշտել է Աբրահամյանը։
Պատգամավորը նաև մեկնաբանել է ավելի վաղ Արցախի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը։ Նրա խոսքով՝ միջադեպը և դրան հաջորդած պահեստազորի հրամանատարի ուղիղ եթերը հետևանք է Արցախի իշխանությունների կողմից վերահսկող քաոսի։
«Այս պայմաններում որոշ մարդիկ որոշում են, որ կարող են խոսել ժողովրդի անունից և իրավունք ունեն հնչեցնել բացահայտ հակասահմանադրական բնույթի հայտարարություններ։ Դրանք վտանգավոր են ոչ միայն Արցախի օրենքներն ու Սահմանադրությունը խախտելու, այլև թշնամու համար լրացուցիչ գործողությունների ու ագրեսիայի հնարավորություններ ստեղծելու առումով։ Սրա ողջ պատասխանատվությունը կրում է Արցախի նախագահը»,- ասել է Աբրահամյանը։
Նշելով, որ այս պահին դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին տեղեկություն չկա, նա ընդգծել է, որ «սահմանադրական կարգը տապալելու մասին հայտարարություններ են եղել, սակայն իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել»։
«Արցախում ստեղծված իրավիճակի ոչ միայն հումանիտար, այլև ներքաղաքական առճակատման հիմնական պատճառն ու մեղավորն Արայիկ Հարությունյանն է, որովհետև երեք ընդդիմադիր խորհրդարանական քաղաքական ուժերն իրենց գործելաոճով և հայտարարություններով ոչ միայն արտահայտում են իրենց տեսակետը, այլև ամեն ինչ անում են ամբողջությամբ օրենքի և սահմանադրության շրջանակներում։
Ի տարբերություն այդ ուժերի՝ Արցախի իշխանությունները (գիտակցաբար, թե ոչ) փորձում են իրավիճակը տանել Արցախի պետականության համար վտանգ ներկայացնող և Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու ճանապարհով։ Արցախի իշխանությունները պետք է սթափվեն և զերծ մնան ներկայիս մոտեցումից։ Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը շատ արագ կհասնի իր նպատակին»,- եզրափակել է Աբրահամյանը։