Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 120 հազար բնակիչներին օգնելու համար, գրում է Le Figaro-ն։
Հրապարակման համաձայն՝ Փարիզն ու Ֆրանսիայի խոշոր շրջաններն իրենց հերթին հաջորդ շաբաթ մարդասիրական շարասյուն կուղարկեն Հայաստան։
Օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված նիստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել հումանիտար օգնության սահմանափակումը Լեռնային Ղարաբաղ, կոչ անել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը և կարիքների գնահատման առաքելություն ուղարկել տարածաշրջան։
Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները՝ նշելով, որ հանդիպման առանցքային արդյունքը միջազգային ամենաբարձր ատյանում Լաչինի միջանցքի շրջափակման հաստատումն էր։ Ավելի ուշ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պետությունների դիրքորոշումների արդարացիությունը։
Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։