Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով։ Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվի քննարկման կառուցաողականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը»,- ասել է նա։
Պետնախարարը նշել է, որ նախկինում ևս եղել են ամենատարբեր հանդիպումներ և պայմանավորվածություններ, սակայն դրանք երբեք չեն պահպանվել։
«Միջազգային մասնակցությունն (հանդիպմանը) անհրաժեշտ է նաև մեր խոսքը լսելի դարձնելու համար, որովհետև այն, ինչ կարող է ներկայացվել մեր կողմից, ցավոք, որևէ մեկ ուրիշը չի ներկայացնում։ Ես համոզված եմ, որ ՌԴ-ն կարող և ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում»,- նշել է Ներսիսյանը։
Պետնախարարի հավելել է, որ պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով՝ դրանք ճիշտ օգտագործել: