Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը: Կարևորվել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, ֆրանսիական ընկերությունների՝ հայկական շուկա ներգրավմանը, ներդրումային ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ:
Ավելի վաղ «Le Figaro» պարբերականը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 120 հազար բնակիչներին օգնելու համար։
Օգոստոսի 12-ին Ֆրանսիան պահանջել էր վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով և ապահովել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումներով։