Կատարվել են նախապատրաստական աշպատանքներ աջորդ Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար, հայտնել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Վերջին օրերին Կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար: Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։