ԱՄՆ սենատոր Բիլ Քեսիդին «Մարդկության դեմ հանցագործություն» է որակել Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը՝ նշելով, որ դա Հռոմի կանոնադրության խախտում է։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օրեցօր ավելի ու ավելի է ծանրանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սննդամթերքի սպառազինությունը համարվում է Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի խախտում՝ «Մարդկության դեմ հանցագործություն» »,- X-ի իր միկրոբլոգում գրել է սենատորը:
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։