Արցախի աշխարհազորի գլխավոր խնդիրն արտաքին թշնամու դեմ պայքարն է և այն մարդիկ, ուժերը, ովքեր փորձում էին այդ կառույցը ծառայեցնել իշխանության պահպանման, նեղ անձնական շահերի կամ իշխանության գալու համար, ձախողվեցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Արցախի աշխարհազորի հրամանատարը կրկին հանդես է եկել տեսաուղերձով, որում սրբագրել է իր այն հայտարարությունները, որոնք հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել: Խնդրահարույց մեկնաբանությունները Կարեն Մաթևոսյանը բացատրել է նրանով, որ ինքը քաղաքական գործիչ չէ և քաղաքական հարցերի հետ կապված կարող է սխալներ թույլ տա: Մաթևոսյանը նշել է, որ որևէ քայլ չի անի պետության և պետականության դեմ ու իր պայքարը հանուն Արցախի պաշտպանության է»,- գրել է նա:
Նշվում է, որ աշխարհազորի հրամանատարը նաև ասել է, որ եթե Արցախի գործող նախագահը չի կարողանում մեկ սեղանի շուրջ համախմբել բոլոր դերակատարներին, միգուցե ճիշտը նրա հրաժարականն է:
«Տեսաուղերձում ակնարկներ կա այն մասին, որ որոշ դեմքեր Արցախում փորձել են իր խոսքերը խեղաթյուրել և առանձին գործիչների դեմ ուղղել, նույնիսկ հասարակությանը վախեցնել, սակայն ըստ Մաթևոսյանի, աշխարհազորը ծառայում է ժողովրդին և որևէ մեկն իրենց չի կարող ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշել: Կուլիսներում նաև տեղեկություններ կա այն մասին, որ Կարեն Մաթևոսյանին, նախնական փուլում, սխալ տեղեկություններ է ներկայացվել ներքաղաքական դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, որն ավելի ուշ ճշտվել է»,- նշել է Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով՝ Արցախում, բոլոր առումներով, այս ծանր պահին, Մաթևոսյանի վերջին ուղերձը որոշակիորեն լիցքաթափել է այն լարվածությունը, որը ստեղծվել էր առաջին ուղերձից հետո, մյուս կողմից այսպիսի գործընթացները հետևանք են իշխանության՝ հանրության, քաղաքական հիմնական ուժերի և դերակատարների հետ սխալ, ոչ անկեղծ հաղորդակցության:
Ավելի վաղ Արցախի աշխարհազորի հրամանատարը Կարեն Մաթևոսյանը նոր տեսաուղերձում հայտարարել է, որ եթե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չկարողանա ձևավորել հանրապետության բոլոր քաղաքական ուժերին համախմբող մարմին, միգուցե պետք է հրաժարական տա։
Օգոստոսի 21-ին աշխարհազորի հրամանատարը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր, որ արցախցիներին իրենց գործունեությամբ մահացու վտանգի առջև կանգնեցրած բոլոր քաղաքական գործիչները պատասխան են տալու ժողովրդի առաջ։
Օգոստոսի 22-ին Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցոության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փորձում է հեղաշրջում իրականացնել։