Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանը նոր տեսաուղերձում ասել է, որ օրեր առաջ հրապարակված հայտարարության մեջ «որոշ մարդիկ սխալ են հասկացել»։ Նա նաև հայտարարել է, որ եթե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չկարողանա ձևավորել հանրապետության բոլոր քաղաքական ուժերին համախմբող մարմին, միգուցե պետք է հրաժարական տա։
«Իմ խոսքերը տարբեր որակումներ ստացան, սխալ մեկնաբանվեցին՝ անտեսելով այն, ինչը ինձ և իմ աշխարհազորի ընկերներին դրդեց դիմելու հանրությանը»,- ասաց Մաթևոսյանը՝ նշելով, որ իր առաջին կոչում ընդգծել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ և կարող է սխալներ թույլ տալ։ Նրա խոսքով՝ քանի որ շատ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների դուր չի եկել ասվածի իմաստը, նրանք «տարբեր ձևերով են ներկայացրել՝ բաց թողնելով իրական միտքը»։
Նա ընդգծեց, որ աշխարհազորայինները միշտ մոտ են եղել իրենց ժողովրդին, պատրաստ են իրենց կյանքը տալ իրենց ժողովրդի ու հայրենիքի համար։ «Մեր ոչ մի գործողություն երբևէ ուղղված չի եղել և չի կարող լինել մեր պետության և պետականության դեմ։ Իմ հայտարարությունները դիտավորյալ օգտագործվել են մարդկանց վախեցնելու համար։ Սակայն ես հայտարարում եմ, որ միլիցիայի գործողություններն ուղղված են ժողովրդին ու հայրենիքը պաշտպանելուն»,- ընդգծեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով, նրանք, ովքեր ապազգային քայլեր են անում՝ լինեն նրանք նախկին ներկա, թե ապագա իշխանությունների ներկայացուցիչներ, պետք է վախենան միլիցիայից։
Նա նշեց, որ իր առաջին ուղերձում առաջարկել է «միավորել բոլորին, ստեղծել ինչ-որ հարթակ կամ մարմին, որտեղ ներառված կլինեն բոլոր այն ուժերը, որոնք պատասխանատու են եղել ԼՂԻՄ ստեղծումից մինչ օրս»։ «Այո, մենք պահանջում ենք, որ բոլորը միասին որոշումներ կայացնեն։ Որովհետև ոչ մի ուժ ի վիճակի չէ և չունի այդ լիազորությունը, որ կարողանա ինքնուրույն պատասխանատվություն ստանձնել։ Համոզված ենք, որ մի ուժի կայացրած որոշումը և ստանձնած պատասխանատվությունը մյուս ուժերին առիթ կտա քննադատելու, մեղադրանքներ հնչեցնելու այս ուժի հասցեին՝ սրելով ներքաղաքական իրավիճակը և պառակտելով հասարակությունը»,- ասաց նա։
Մաթևոսյանը դիմել է Արցախի գործող իշխանություններին՝ նախագահի գլխավորությամբ. «Որպես գործող նախագահ, եթե չկարողանաք ստեղծել այս մարմինը և ամբողջ ուժով նստել կլոր սեղանի շուրջ, պատասխանատու որոշում կայացնել փրկելու Արցախը, ապա միգուցե հրաժարական տա՞ք։ Միգուցե սա ճի՞շտ որոշում է»,- ասաց աշխարհազորի հրամանատարը։ Նա նաև ընդգծել է, որ աշխարհազորայինները չեն վստահում առանձին ուժերի և կարծում են, որ միակ ճիշտ որոշումը կարող են կայացնել բոլոր ուժերը միասին։ Մաթեւոսյանը խնդրեց նաեւ իր տեսաուղերձը չվերածել տարաբնույթ մեկնաբանությունների թեմա։
Օգոստոսի 21-ին Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր, որ արցախցիներին իրենց գործունեությամբ մահացու վտանգի առջև կանգնեցրած բոլոր քաղաքական գործիչները պատասխան են տալու ժողովրդի առաջ։
Օգոստոսի 22-ին Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցոության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փորձում է հեղաշրջում իրականացնել։