Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է Լեռնային Ղարաբաղ մեկնելու պատրաստակամության մասին՝ լուծելու մարդու իրավունքների խնդիրները։
«Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր կառույցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա խնդիրները»,- ասել է նա:
Միյատովիչն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով արցախցիների իրավունքների ոտնահարման կապակցությամբ։ «Ես կրկնում եմ իմ կոչը՝ վերականգնել ազատ տեղաշարժն այս միջանցքով»,- ասել է նա։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, որ, չնայած այլ միջազգային կառույցների իր կոչերին, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն ավելի է վատթարացել՝ ազդելով, առաջին հերթին, բնակչության առավել խոցելի շերտերի վրա։ Միյատովիչը հիշեցրել է Կարմիր ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվում է կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի։
«Շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն՝ խուսափելու համար տեղի բնակչության առանց այն էլ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն անվտանգ և ազատ տեղաշարժ բոլոր նրանց համար, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերում և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է Միյատովիչը։
Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ջանքեր գործադրել կայուն խաղաղության հասնելու համար։
2022 թվականի դեկտեմբերի 22-ին Միյատովիչը հայտարարել էր Լաչինի միջանցքով տեղաշարժը վերսկսելու անհրաժեշտության մասին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու համար։ 2021 թվականի ապրիլին նա նամակ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտելով Բաքվում բացված «պատերազմական գավաթի այգին» հայ ռազմագերիների գործիչների հետ։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։