Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, Արցախի նախագահը նիստ է հրավիրել, ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«Մեր պահանջն այն է, որ Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միասին հավաքվի ԱԺ դահլիճում, որոշում կայացնի և ժողովրդին տեր կանգնի։ Ստեփանակերտում բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ժամը 21։00-ին նիստը սկսվում է, եկեք ձեր երկրին տեր կանգնեք»,- հայտարարել է Պետրոսյանը։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։