Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ այդ երկրի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, որոշում է կայացվել ներգրավել ՀՀ քաղաքացիներ՝ 2001 թվականին ծնված Ալեն Սարգսյանին, 2003 թվականին ծնված Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գլխավոր դատախազության համապատասխան որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 388/1 հոդվածով (տեղեկատվական ռեսուրսում՝ համացանցում կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցում արգելված տեղեկատվության տեղադրումը և տարածումը) և նրանց նկատմամբ կիրառվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով, որից ավարտից հետո վերջիններիս կհեռացնեն Ադրբեջանի Հանրապետությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։