Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մոտեցել է ակցիա իրականացնող քաղաքացիներին և զրուցել նրանց հետ։
«Այս պահին մեր միակ խնդիրը պետք է լինեն մեր տղերքը, ոչ մի գաղտնի պայմանավորվածություն չկա, մի հատ անջատեք էլի, մի՛ նկարեք»,- ասել է Հարությունյանը՝ անդրադառնալով քաղաքացու այն դիտարկմանը, որ գուցե կան գաղտնի պայմանավորվածություններ։
Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել․ «Մեր պահանջն այն է, որ Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միասին հավաքվի ԱԺ դահլիճում, որոշում կայացնի և ժողովրդին տեր կանգնի։ Ստեփանակերտում բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ժամը 21։00-ին նիստն սկսվում է, եկեք ձեր երկրին տեր կանգնեք»,- հայտարարել էր Պետրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։