Բազմահազար քաղաքացիներ հավաքվել են Արցախի ԱԺ-ի դիմաց, որտեղ այս պահին ընթանում է արտահերթ նիստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Արցախի ԱԽ նիստ, որի ընթացքում նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին։
ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել․ «Մեր պահանջն այն է, որ Արցախի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը միասին հավաքվի ԱԺ դահլիճում, որոշում կայացնի և ժողովրդին տեր կանգնի։ Ստեփանակերտում բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ժամը 9-ին նիստը սկսվում է, եկեք ձեր երկրին տեր կանգնեք»,- հայտարարել էր Պետրոսյանը։
Այսօր առավոտյան հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել է առևանգված քաղաքացիների անունները։