Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ոչ պաշտոնանական ելույթում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր հղի կանայք կորցնում են չծնված երեխաներին, Արցախում յուրաքանչյուր երրորդ մահ թերսնման արդյունք է, դուք կարող եք հայհոյել ինձ, քննադատել, ուղղակի ուզում եմ ներողամիտ լինենք, իրար հարգենք»,- ասել է նա։
Հարությունյանը խոստացել է, որ մի քանի օրվա ընթացքում Արցախի իշխանությունները կլուծեն հացի խնդիրը։ Նա նաև հայտարարել է, որ Լաչինի միջանցքից բացի այլ ճանապարհ չեն ընդունելու։
Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները սուլոցներով ու քննադատական խոսքերով ընդհատում էին Հարությունյանի ելույթը։ Քաղաքացիները նաև նշում էին, որ չեն պատրաստվում Արցախից դուրս գալ։
Օգոստոսի 28-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մոտեցել էր ակցիա իրականացնող քաղաքացիներին, զրուցել նրանց հետ՝ խնդրելով ոչինչ չնկարահանել։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում։