Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման դեռևս փակված չէ, գրել է «Հրապարակ»-ը:
Թերթի Արցախի աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Հարությունյանը հրաժարական ներկայացնի։ Չնայած ՀՀ իշխանական վերնախավում կարծիք կա, որ Արայիկ Հարությունյանը պիտի հեռանա, քանի որ չի կարողանում իրագործել Փաշինյանի՝ Աղդամով առևտուր անելու պայմանավորվածությունը, սակայն ՀՀ վարչապետը, ծանրութեթև անելով, հորդորել է հրաժարականը մի քանի շաբաթով հետաձգել, քանի որ այն կարող է մեծապես հարվածել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխանության ռեյտինգին։
«Եթե առաջիկայում Արցախում չկարողանան կյանքի կոչել Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածությունները, ապա Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, ըստ ամենայնի, կրկին օրակարգ կբարձրանա։
Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, արդեն իսկ ՀՀ իշխանությունները կողմնորոշվել են Արցախի նոր նախագահի հարցում․ շրջանառվում է նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանի անունը, ով, իհարկե, Սամվել Բաբայան չէ և Արցախի ստվար զանգվածների մոտ բացասական էմոցիաներ չի առաջացնում, սակայն Արցախի սորոսական թևից է և ամբողջությամբ կառավարելի է ՀՀ իշխանությունների կողմից»,- ասված է հոդվածում։
Սամվել Բաբայանին, ըստ թերթի, մեկ այլ պաշտոն կհասնի, օրինակ` «իր փափագած պետնախարարի պաշտոնը»։