ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը X-ում (նախկին Twitter) անդրադարձել է Ադրբեջանի վարքագծին, հայ երիտասարդների առևանգմանը։
«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի շարունակական վրդովեցնող պահվածքով, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքը խաթարելուն: Այդ պահվածքն անընդունելի է»,-գրել է նա։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՄԻՊ-ը նշել էր, որ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Մյուս երկու երիտասարդները Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն են։ Բոլոր երեք երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։