Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է օգոստոսի 28-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը, որով վերջինս մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ասված է ՄԻՊ հայտարարությունում։
«Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ակտիվ համագործակցել միջազգային դերակատարների հետ՝ խնդիրների հրատապ լուծման տարբերակների ուղղությամբ»,- հայտնել է Մանասյանը։
Դունյա Միյատովիչը ավելի վաղ հայտարարել էր, որ շարունակում է լրջորեն մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով և բնակչության իրավունքներով։ «Ես վերահաստատում եմ կոչը, որն արել եմ այն ժամանակ՝ վերականգնել ազատ տեղաշարժն այդ ճանապարհով»,- նշել էր Միյատովիչը։ Նա շեշտել էր Արցախ մեկնելու պատրաստակամության մասին։
Միյատովիչը հավելել էր, որ «շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն` խուսափելու համար տեղի բնակչության համար շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ տեղաշարժը»։
2022 թվականի դեկտեմբերի 22-ին Միյատովիչը հայտարարել էր Լաչինի միջանցքով տեղաշարժը վերսկսելու անհրաժեշտության մասին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու համար։ 2021 թվականի ապրիլին նա նամակ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտելով Բաքվում բացված «պատերազմական գավաթի այգին» հայ ռազմագերիների գործիչների հետ։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։