Ադրբեջանը ցուցադրաբար հակադրվում է միջազգային իրավունքին, մեկնաբանելով Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում Արցախից Հայաստան գնացող երիտասարդների առևանգումը՝ Armenia Today-ի հետ զրույցում նշել է ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
«Ադրբեջանն իր քայլերով հրապարակային հակասում, հակադրվում է միջազգային իրավունքի նորմերին։ Երբ մենք խոսում ենք առևանգման դեպքերի մասին, պետք է որակենք դրանք որպես հանցագործություն՝ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների կողմից։ Առևանգումը հանցագործություն է, անօրինական ձևով անազատության մեջ պահելը՝ ևս։ Ադրբեջանի քայլերը պատահական չեն։ Ադրբեջանը պլանավորված, հստակ ու սիստեմատիկ ձևով ցուցադրում է, որ արհամարհում է միջազգային իրավունքը, ինչպես նաև միջազգային իրավական ցանկացած հարթակ ու ատյան», -նշել է Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ Արցախը պետք է ինքնուրույն կարողանա լսելի դառնալ։
«Թեպետ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, բայց ՄԱԿ-ի կանոնադրությամբ Արցախն իրավունք ունի դիմել, պահանջել, որ հարգեն իր բնակիչների իրավունքները»,- նկատել է նա։
Հարցին՝ ինչպե՞ս կարող է ՀՀ-ն այս դեպքերը ներկայացնել միջազգային ատյաններում, Ալավերդյանը պատասխանել է․ «ՀՀ-ի՝ մինչև անգամ դրական միտում ունեցող յուրաքանչյուր քայլ թույլ արձագանքի կարժանանա բարձրաստիճան պաշտոնատար անձանց այն հայտարարություններից հետո, որոնցով Արցախն Ադրբեջանի մաս են ճանաչվում։ Այդուհանդերձ, կա մի հարթություն, ըստ որի՝ ՀՀ-ն կարող է պետական մակարդակով քայլեր ձեռնարկել։ ՀՀ-ն պետք է շեշտը դնի այն փաստի վրա, որ Ադրբեջանն առանց հիմնավոր պատճառի հայերին անազատության մեջ պահելու իրավունք չունի»,- ասել է նա՝ ընդծելով, որ հայ իրավաբանները, որպես տուժածների ներկայացուցիչ, կարող են այդ հիմքով բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հայերին առևանգելու դեպքերի վերաբերյալ միջազգային արձագանքներն Ալավերդյանը ոչ համարժեք է համարում։
«Արձագանքը համարժեք կլինի այն ժամանակ, երբ մտահոգություններ ու կոչեր հայտնելուց բացի որևէ պետություն Ադրբեջանի ու այդ երկրի առանձին կառույցների դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառի։ Իրականում՝ մինչ այս հնչեցված հայտարարությունները միևնույն են Ադրբեջանի համար և համարժեք չեն իրավիճակին»,-եզրափակել է Լարիսա Ալավերդյանը։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՄԻՊ-ը նշել էր, որ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Մյուս երկու երիտասարդները Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն են։ Բոլոր երեք երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են։
Հուլիսի 29-ին ադրբեջանցի զինվորականները առևանգել էին բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Արցախի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։
Աննա Բադալյան