Երևանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցիներին վերադարձնելու պահանջով։
Հանրահավաքի մասնակիցները բացականչում էին «Վերջ տեռորիզմին», «Արցախ» և «Ազատություն առևանգված հայերին»: Նրանց ձեռքում «Վերադարձե՛ք մեր հայրենակիցներին», «Հայաստա՛ն, վեր կաց, Արցախն է կանչում», «Պահանջում ենք արդարություն» գրությամբ ցուցապաստառներ էին:
Ցուցարարներից մեկը, դիմելով ռուս խաղաղապահներին՝ ասաց, որ նրանք պատասխանատվություն են կրել տղաներին ապահով հասցնել Հայաստան, սակայն տղաները ո՛չ Հայաստանում են, ո՛չ Արցախում, նրանք գերության մեջ են՝ Բաքվում:
«Ինչպես պատասխանատվություն եք կրել տղաներին ապահով տեղ հասցնել, այնպես էլ պատասխանատվություն եք կրում նրանց այնտեղից վերադարձնելու: Մենք ժամանակ չենք տալիս ձեզ՝ սպասելու, մտածելու: Ո՛չ ուշ, քան այսօր, հենց այսօր»,- ասաց նա:
Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետև երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք, որտեղ կշարունակեն ակցիան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվում հայաստանյան բուհեր ընդունված մի խումբ ուսանողներ։ Նրանցից Ալեն Սարգսյանը (ծնված՝ 2001թ.) Հակարիի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Ադրբեջանի ուժայինները առևանգել են նաև արցախահայ ուսանողներ Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին (ծնված՝ 2003թ.)։ Համաձայն Ադրբեջանի դատախազության՝ երիտասարդները կալանավորվել են՝ Ադրբեջանի դրոշն անարգելու համար։