Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Արցախի բնակչությանը սովի մատնելու Ադրբեջանի ռազմավարությունն անբարոյականություն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակն է Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթ հրահրել, ինչն ավելի վաղ հաստատել էր նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը։ Նա այս մասին հայտարարել է դեսպանների 29-րդ համաժողովի ժամանակ, որը անցկացվում է օգոստոսի 28-30-ը։
Կատրին Կոլոննան նաև հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար Փարիզը մոբիլիզացնում է ռեսուրսները։
«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ռեսուրսները Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու և երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիայի համար։ Ֆրանսիան մոբիլիզացնում է ռեսուրսները, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն ընձեռվի մնալ իրենց հողում՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթն ու պատմությունը»,-հայտարարել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նա հայտնել է, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին կժամանի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական ավտոշարասյանն ուղեկցելու համար:
«Փարիզի քաղաքապետի հետ Հայաստան կժամանեն Օ դը Ֆրանս տարածաշրջանի խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, քաղաքական գործիչներ Բրյունո Ռետայոն, Պատրիկ Քարամը և Մարսելի նախկին քաղաքապետ Միշել Ռուբիրոլան»,-հայտնել է նա։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։