Արցախի Ասկերան քաղաքի բնակչուհին դուրս է եկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված և կոչ արել քաղաքացիներին խոչընդոտել ադրբեջանական ալյուրի առաքումն Արցախի մայրաքաղաք:
«Թույլ չեմ տա, որ մարդասպանների ուղարկած ալյուրը տեղափոխվի Ստեփանակերտ»,-հայտարարել է նա:
Նա կոչ է արել տարածքին մոտ Ասկերանի բոլոր բնակիչներին միանալ ակցիային և թույլ չտալ ադրբեջանական բեռնատարների մուտքը Արցախ:
«Ոչ ոք ինձ չի կարող խանգարել։ Ես թույլ չեմ տալու, որ թուրքի ալյուրը հասնի Ստեփանակերտ։ Ես նախընտրում եմ սոված մնալ, քան թուրքի ալյուր ուտեԼ։ Թուրքը մարդասպան է։ Մենք պետք է ապացուցենք, որ իսկական արցախցի ենք և հայ։ Եթե դուք չմիանաք, ես կմնամ այստեղ հանուն իմ զոհված եղբոր՝ Արթուրի»,-հայտարարել է նա։
Այսօր՝ օգոստոսի 29-ին, Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջոցով «մարդասիրական բեռ» է ուղարկել Ստեփանակերտ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության նախագահին, հայտնել էին, որ 40 տոննա ալյուր տեղափոխող մեքենաներն Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ են շարժվում:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։