Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին։
«Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 26-ին ԱՏՇ-ն հայտնել էր, որ թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով։
Օգոստոսի 1-ին ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնել էր, որ Արցախում որոշակիորեն կկրճատվի հացի արտադրանքը։ Օգոստոսի 14-ին ԱՏՇ-ն հայտնել էր, որ հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը և որոշ այլ հիմնախնդիրներ՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։