Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել, այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը:
«Այս պահին ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասել է Գաբրիելյանը:
Իր հերթին ֆոտոլրագրող Դավիդ Ղահրամանյանը հայտնել է, որ պատրաստվում են մնալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին և վրաններ են տեղադրում։
«Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։ Մենք մնում ենք այստեղ։ Այս պահին վրան ենք տեղադրում»,- գրել է նա։
«Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին»,- իր հերթին գրել է «Արցախլուր» տելեգրամյան ալիքը։
Ադրբեջանցիների վրաններ տեղադրելու մասին հայտնել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ռուս խաղաղապահները ժամանակ են խնդրել բեռներն Արցախ հասցնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ կանխելու Ադրբեջանից ապրանքների մուտքը։
Այսօր՝ օգոստոսի 29-ի առավոտյան Ադրբեջանի ԿԽՄԿ նախագահ Նովրուզ Ասլանը հայտարարել էր Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ մարդասիրական բեռներ ուղարկելու մասին։ Ընկերությունը նախատեսում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք, ինչպես նաև վրաններ, տեխնիկական սարքավորումներ կազմակերպության աշխատակիցների գործունեության համար։