Մեր արտաքին քաղաքականության ընդհանուր բաղադրիչը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Նրա խոսքով՝ անցած 30 տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են տարվել, տարբեր երկրների, նահանգների մակարդակով տեղի է ունեցել ճանաչման գործընթացը:
«Հաշվի առնելով մեր այսօրվա իրավիճակը և մեր հնարավորությունները, բնականաբար, շատ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի հաջողություններ կարող ենք արձանագրել, որովհետև եթե մենք խոսում ենք ճանաչման գործընթացի մասին, ապա մենք այսօր ունենք շատ պարզ, միջազգային պրակտիկայում կիրառված «Ճանաչում հանուն փրկության» հասկացողությունը, որը կիրառվել է Կոսովոյի պարագային, որը կարելի է կիրառել նաև մեր պարագային»,- ասաց Իշխանյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ են Ադրբեջանի ջանքերը՝ մեզ այդ հնարավորությունից զրկելու ուղղությամբ: Սակայն հուլիսին Արցախի ԱԺ-ն ընդունեց ուղերձ, որով կոչ արեց ՄԱԿ անդամ երկրներին ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Բավականին բարդ է այդ ամենն այսօր որպես իրականություն տեսնելը, բայց մենք չպետք է հրաժարվենք մեր գաղափարից՝ հաշվի առնելով համապատասխան քաղաքական պայմանների առկայության անհրաժեշտությունը»,- ասաց ԱԺ ղեկավարը:
Մանրամասնեը՝ տեսանյութում: