Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ու 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը հասել են Սյունիք, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Նշվում է, որ պատվիրակությանը դիմավորել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ միասին։
«Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որն Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի 10 բեռնատարից կազմված ավտոշարասյունն առավոտյան շարժվել է Արցախ։