Արցախը ծնկի չի գա ու կպայքարի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ առցանց ասուլիսում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային օգնության համար և վստահեցնելով, որ դա չի մոռացվի։
«Անցյալ տարվա դեկտեմբերին ես եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր գործընկերների հետ և այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարծես թե, զգուշացրել եմ։ Ցավոք սրտի, իմ կանխատեսումներն արդարացան։ Ադրբեջանն ակնկալում է ճնշմամբ, մանավանդ հումանիտար՝ ծնկի բերել Արցախին, բայց դա չի հաջողվի: Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք, և պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն ունենանք։ Այլևս որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից ու միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք (պայքարը)։ Հազարամյակներով ժառանգած արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,- ասել է նա։
Ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Գաբրիել Գաբոնը հայտնել էր, որ Ֆրանսիայից մարդասիրական օգնության շարասյունը Երևանից մեկնել է Արցախ։ Օգոստոսի 25-ին Փարիզի քաղաքապետը Ֆրանսիայի իշխանություններին խնդրել էր մարդասիրական ավտոշարասյուն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին Իդալգոյին կոչ էր արել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF):
Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «նոր դիվանագիտական նախաձեռնություն»՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։