Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը, հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
«Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում։
Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ։
«Փաստաթերթիկը ամփոփում է ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի ընթացքում արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են սննդի բացակայության պայմաններում աշակերտների և ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ օժանդակ նյութերի բացակայությունը, հանրային տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված ուսումնական պրոցեսի մասնակիցների տեղաշարժի խնդիրները, կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանության անհնարինությունը և մի շարք այլ խնդիրներ»,- գրել է նա։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։