Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել ԱԽ-ի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Իմ այսօրվա հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ»,- հայտնել է Հարությունյանը:
Նա տեղեկացրել է, որ Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի է առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնն ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ»,- ասել է Հարությունյանը
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ներսիսյանի գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու Արցախի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Նա տեղեկացրել է, որ վաղն Արցախի ժողովրդին ու Ազգային ժողովին է ներկայացնելու նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում: Որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 5-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...