ՄԻԵԴ-ը օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք հայ երիտասարդների հարցով Ադրբեջանին 8 օր ժամանակ է տվել, հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«ՄԻԵԴ-ը օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տրամադրել։ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,-տեղեկացրել են գրասենյակից։
Օգոստոսի 28-ին հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողի։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՄԻՊ-ը նշել էր, որ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Մյուս երկու երիտասարդները Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանն են։ Բոլոր երեք երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկներ են։
Հուլիսի 29-ին ադրբեջանցի զինվորականները առևանգել էին բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Արցախի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։