Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Արցախում նախագահի ընտրությունները կկայանան Սահմանադրությանը համապատասխան։ Ինչպես Armenia Today-ին հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մոտ 2 ամիս առաջ Սահմանադրական բարեփոխումներից մի հոդված են ընդունել, որով կարգավորվում է նախագահի հրաժարականի դեպքում իրավիճակի անցնցում հանգուցալուծումը։
«Այն պահին, երբ Արցախի Հանրապետության նախագահը հրաժարական է տալիս, երեք օրվա ընթացքում Ազգային Ժողովն ընդունում է հրաժարականը, յոթ օրվա ընթացքում առաջադրվում են նախագահի թեկնածուներ խորհրդարանի խմբակցություններից, և տեղի է ունենում նախագահի ընտրություն»,- ասաց Հակոբյանը։
Մեր հարցին, թե մինչ այդ նշանակվելո՞ւ է որևէ ժամանակավոր պաշտոնակատար, պատգամավորը պատասխանեց, որ դրա կարիքը չի լինի, քանի որ գործողությունը կատարվում է շատ արագ։
Հակոբյանն ասաց, որ խորհրդարանական ուժերի հետ չի քննարկվել երկրի պետական նախարարի ազատման ու նորին նշանակելու հարցը կամ թեկնածությունը։
Ինչ վերաբերվում է նախագահի հրաժարականին, ապա Հակոբյանի խոսքով՝ դա անակնկալ չէր այնքանով, որ արդեն 3 տարի շարունակ դա պնդել են, «հիմնավորումներով, ոչ թե ինքնանպատակ, այս իշխանությունների թույլ լինելն էր, որոշումներ կայացնելու հաստատակամություն չունենալն էր»։
«Մենք երեք տարի շարունակ պնդել ենք դա, որ նրանք կամ պետք է ուժեղ լինեն՝ կարողանան որոշումներ ընդունել ի նպաստ Արցախի, կամ պիտի դերակատարը փոխվի և հնարավորություն ստեղծվի այլ ուժերի համար, ովքեր կարող են այդ գործընթացը իրականացնել»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ 2 օր առաջ տեղի ունեցավ խորհրդանական քննարկում, որտեղ առաջարկներ արվեցին, որ անհրաժեշտություն կա փոփոխության։ Արայիկ Հարությունյանն ընդունել է դրանք որպես առաջարկություններ ու խոստացել 1-2 օրվա ընթացքում իր դիրքորոշումը հայտնել։ Հակոբյանի մեկնաբանությամբ՝ որոշումը եղել է ոչ թե պատասխանատվություն կրելը նշված հարցերի շուրջ, այլ հեռանալը, որը նույնպես ընդունելի է։
Արաքսյա Սնխչյան