«Россия сегодня»-ն Արցախում «Սպուտնիկ»-ի հեռարձակման դադարեցումը բացատրել Է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները չփչացնելու դժկամությամբ, «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն իր նամակում այսպես է պատասխանել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցմանը։
Կիսելյովի նամակում ընդգծվում է, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղության հասնելու համար Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամրագրել Հայաստանի տարածքը 1991 թվականի սահմաններում:
«Մենք ելնում ենք այդ հայտարարության փաստից և կարծում ենք, որ մեր եթերի վերահեռարձակումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, առանց Ադրբեջանի կարգավորող մարմինների հավանության, կասկածի տակ է դնում Մոսկվայի կողմից հարաբերությունների անկեղծությունը և հղի է մեր երկրների միջև միջպետական կապերի բարդացմամբ»,-ասված է մեդիախմբի ղեկավարի հայտարարության մեջ:
Կիսելյովը պարզաբանել է, որ հեռարձակումը ոչ թե դադարեցրել, այլ ժամանակավորապես կասեցրել են։ Ռադիոկայանը, նրա խոսքով, սպասում է պաշտոնական թույլտվության՝ շարունակելու հեռարձակումը Բաքվից։