Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ի շարունակություն հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ գործիչների Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության, Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին աջակցել Արցախի հայերին։
Իդալգոն հրապարակել է հայտարարության տեքստը, որում մասնավորապես ասվում է․
«Մենք՝ Ֆրանսիայի տեղական իշխանությունների ընտրված ներկայացուցիչներս՝ արձագանքելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների կոչին, շտապ մարդասիրական օգնություն ենք հավաքել՝ ի աջակցություն Արցախի հայության։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը՝ խախտելով միջազգային իրավունքը, միակողմանիորեն արգելափակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը կապում է Հայաստանին, հետևաբար՝ մնացած աշխարհին։ Այս իրավիճակը ստեղծեց մեծ հումանիտար ճգնաժամ՝ մեկուսացնելով 120,000 խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ 30,000 երեխաներին, զրկելով նրանց կենսական անհրաժեշտության, առողջապահական ենթակառուցվածքների, էներգետիկ ռեսուրսների և ջրի հասանելիությունից: Արցախահայությունն ավելի քան 9 ամիս է, ինչ ապրում է սննդի պակասի և աննախադեպ հուսահատության մեջ, ամեն օր սպառնում է սահմանին տեղակայված ադրբեջանական զինուժի կրակոցներից։ Հազարավոր անմեղ մարդիկ սովամահ են լինում, մարդասիրական կազմակերպություններին թույլ չեն տալիս միջամտել՝ չնայած համատարած սովին և ահագնացող առողջական ճգնաժամին։
Արձագանքելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կոչին՝ մենք որոշել ենք Հայաստան տեղափոխել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԳՄԲ) կողմից համակարգված մարդասիրական ավտոշարասյուն՝ բաղկացած առաջին անհրաժեշտության չփչացող ապրանքներից, մասնավորապես՝ մանկական կաթ, էլեկտրական գեներատորներ, արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ և այլն։ 10 բեռնատարներից բաղկացած այս ավտոշարասյունը համապատասխանում է Արցախի իշխանությունների արտահայտած կարիքներին՝ խաղաղ բնակչությանը գոյատևելու և տարածաշրջանում հատկապես ծանր ձմեռային պայմաններին դիմակայելու, ինչպես նաև երեխաների թերսնման ահագնացող սպառնալիքը կանխարգելելու համար։
Այս ամառվանից ի վեր միջազգային հանրության, առաջին հերթին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից, որն օգոստոսի 16-ին հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ էր հրավիրել, հնչեցվող ահազանգի պայմաններում եկել է գործելու ժամանակը: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները մասամբ բնութագրում են ցեղասպանությունը՝ սով, կենսական միջոցներից զրկում և հրատապ հումանիտար միջամտությունների խոչընդոտում։ Զեկույցը պնդում է էթնիկ զտումների ցեղասպան սպառնալիքի մոտալուտ լինելու փաստը։ Մենք չենք կարող անտարբեր մնալ այնպիսի իրավիճակի նկատմամբ, որը հիշեցնում է Հայաստանի պատմության ամենավատ շրջանը։ Աշխարհում բազմաթիվ կողմերից ահազանգում են և կոչ անում Ադրբեջանին՝ առանց հապաղելու վերացնել այս շրջափակումը։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները մասամբ բնութագրում են ցեղասպանությունը՝ սովամահություն, կենսական միջոցներից զրկում և շտապ հումանիտար միջամտությունների խոչընդոտում։ Զեկույցը պնդում է, որ ցեղասպանության էթնիկ զտումների վտանգը մոտ է։ Մենք չենք կարող անտարբեր մնալ այնպիսի իրավիճակի նկատմամբ, որը հիշեցնում է Հայաստանի պատմության ամենավատ ժամերը։ Աշխարհում բազմաթիվ ձայներ ահազանգում են և կոչ անում Ադրբեջանին անհապաղ վերացնել այս շրջափակումը։
Դիվանագիտական հայտարարությունների ժամանակն անցել է։ Ահա թե ինչու շուրջ քսան ընտրված պաշտոնյաներ, որոնք ներկայացնում էին ողջ ֆրանսիական տարածքը և տարբեր քաղաքական ընտանիքներ, ցանկացան ուղեկցել այս մարդասիրական շարասյունը դեպի սահման՝ պահանջելու Լաչինի միջանցքի բացումը։ Արձանագրելով ադրբեջանական իշխանությունների մերժումը՝ թույլ տալու, որ ավտոշարասյունը հասնի՝ փաստացի թակարդում գտնվող Արցախի հայ ժողովրդին, մենք կոչ ենք անում հանրապետության նախագահին հնարավորինս շուտ հանդես գալ Խորհրդում բանաձևի նախաձեռնությամբ՝ անհապաղ և անվերապահ բացել Լաչինի միջանցքը հումանիտար օգնության առաքումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար։
Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից դուրս պետք է հարգվի 2020 թվականի վերջին համաձայնագրերում վավերացված խաղաղության գործընթացը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր պայմանը։ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպանական նկրտումները»։
Հայտարարությունը ստորագրել են՝ Փարիզ, Ստրասբուրգ, Մարսել, Լիոն քաղաքներ, Իլ-դը-Ֆրանս, Օ-դը-Ֆրանս, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոններ։