Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափ գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում, հայտնել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԱՀ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:
Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար: