ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքից առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի հարցում ստեղծված իրավիճակում բեկման հնարավորություն կա։ Նա չի բացառել, որ առաջիկայում կարող են իշխանափոխության գործընթացներ լինել։
«Արցախի հարցում բեկում մտցնելու հնարավորություն կա։ Արցախը միշտ էլ գործոն է եղել։ Կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից՝ այդ գործոնը կա՛մ մեծացել է, կա՛մ փոքրացել։ Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ, այո, Արցախի գործոնն էական հանգամանք կարող է լինել»,-ասաց Սարգսյանը։
Մեկնաբանելով Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը, թե «եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղում խիզախ որոշումներ կայացնեն», Սարգսյանը նշել է․ «Ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց, գուցե, ինքն ա՞յլ լուծումներ է «խիզախ» անվանում։ Մենք այդպես չենք համարում»,-հավելել է երրորդ նախագահը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Մանրամասները՝ տեսանյութում։