«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ «Imagine Dragons» ռոք խմբի համերգը Բաքվում չեղարկելու ստորագրահավաքին ավելի քան 18 հազար մարդ է միացել, X-ում (նախկին Twitter) հայտնել է Թանկյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միացել են ստորագրահավաքին։
Թանկյանի խոսքով՝ թեև խմբի համերգն այսօր Բաքվում կայանալու է, այնուամենայնիվ, այս արշավը մեծ հաջողություն է ունեցել։
«Այս արշավն Ադրբեջանի կողմից արցախահայության ապօրինի շրջափակման վրա մեծ ուշադրություն հրավիրեց։ Իսկ ովքեր պատրաստվում են ելույթ ունենալ կամ միջոցառումներ անցկացնել Ադրբեջանում, այս արշավից հետո այդ ամենն իրականացնելուց առաջ երկու անգամ կմտածեն»,-գրել է Թանկյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանում մարդու իրավունքների տեսանկյունից սարսափելի իրավիճակ է։
Թանկյանը նշել է, որ չի մեկնաբանի «Imagine Dragons»-ի՝ Բաքվում, այնուամենայնիվ, ելույթ ունենալու որոշումը։
Սերժ Թանկյանն առցանց ստորագրահավաք էր նախաձեռնել՝ կոչ անելով «Imagine Dragons» ռոք խմբին չեղարկել Բաքվում կայանալիք համերգը։
Օգոստոսի 13-ին Թանկյանը հայտարարել էր, որ Արցախն իրավական առումով երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Նա այլ ռոք երաժիշտների հետ բաց նամակով կոչ է արել աշխարհին վճռականորեն միջամտել Արցախում խորացող հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև մեղադրել անգործության և պարապ խոսակցության շրջափակման վերացմանն աջակցող կազմակերպություններին։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։